Сайт управляется системой uCoz

           

Главная » 2014 » օգոստոս » 1 » Օնորե դը Բալզակ. Երեսնամյա կինը(կարդալ ավելին...)
20:04
Օնորե դը Բալզակ. Երեսնամյա կինը(կարդալ ավելին...)
  • Լավագույն սրտերն անգամ երբեմն շատ դաժան են լինում։
  • Ծերունիները սովորաբար հակումն ունեն իրենց վշտերով օժտել երիտասարդների ապագան։
  • Շատ տղամարդիկ կան, որոնց սիրտն ուժգնապես հուզվում է կանանց տառապանքի լոկ տեսքը նշմարելիս. նրանց համար կսկիծը թվում է հաստատակամության կամ թե սիրո խոստում։
  • Ճշմարտությունը մենք թերևս կռահում ենք պատահաբար։
  • Ծայրահեղ պարզությունը համազոր է անթափանց մի ծածկամտության։
  • Եթե սեղանի վրա որևէ կերակուր մեզ լավ չի թվում, հարկավոր չէ դրանից ուրիշին զզվեցնել։
  • Օրինական սերը ավելի ծանր է, քան հանցավոր կիրքը։
  • Տղամարդու ամենաուժեղ զենքերից մեկը կնոջը իրենով զբաղեցնելու սարսափելի կարողությունն է, երբ կնոջ բնականից հարաշարժ երևեկայությունը վախենում կամ վիրավորվում է հետապնդումից։
  • Կանայք, որոնք իրենց ցավերի համար անմիջական սփոփանքներ են փնտրում, հաճախ մի դժբախտությունը լոկ փոխարինում են մի այլ դժբախտությամբ, այն դեպքում, երբ ուզում են հավատարիմ մնալ իրենց պարտականություններին, կամ թե հանցանք են գործում, եթե հօգուտ իրենց բավականության խախտում են օրենքները։
  • Կանացի նուրբ բնազդը նրան ասում էր, որ ավելի լավ է հնազանդվել տաղանդավոր մարդու, քան ղեկավարել մի հիմարի, և որ երիտասարդ կինը, որը հարկադրված է մտածել ու գործել որպես տղամարդ, ոչ կին է, ոչ տղամարդ. հրաժարվելով իր սեռի չարաբաստիկ թուլություններից, նա կորցնում է իր թովչությունը, ձեռք չբերելով այն առավելություններից ոչ մեկը, որ մեր օրենքները տալիս են տղամարդուն։ Նրա կյանքը թաքցնում է շատ դառը մի հեգնանք։ Մի՞թե նա հարկադրված չէր պատվել սնամեջ մի կուռքի, հովանավորել իր հովանավորողին, խղճուկ մի արարածի, որը, ի վարձատրություն կնոջ հարատև նվիրվածությանը, նրան էր նետում ամուսնու էգոիստական սերը. նրա մեջ միայն կինը տեսնելով, և որը չէր բարեհաճում կամ չէր կարողանում` իսկ դա նույնչափ վիրավորական էր, հոգ տանել նրա ուրախությունների մասին կամ անհանգստանալ նրա տխրության և հյուծման պատճառներով։
  • Եթե մենք թափանցեինք մինչև այդ սրտի խորքը, ապա կտեսնեինք, որ նրա առաջին միամիտ, աղջկական սերը պսակող խորունկ, թաքնված վիշտը նրան խորշանք էր ներշնչել դեպի կրքերը. գուցե դրանից էր, որ նա չճանաչեց հափշտակությունը, արգելված, բայց խելացնոր բերկրանքները, որոնք որոշ կանանց մոռանալ են տալիս ողջամտության օրենքները, առաքինության սկզբունքները, որոնց վրա հիմնված է հասարակությունը։
  • Ինչպես երջանկությունը, նույնպես և դժբախտությունը մեզ հակում են դեպի երազանքը։
  • Ոչ միայն իր հոգու քնքուշ գանձերն էին անհայտ մնում, այլև երբեք չկարողացավ հասնել այն բանին, որ ամուսինը հասկանա իրեն, նույնիսկ կենսական ամենասովորական հարցերում։
  • Այն ժամանակ, երբ նրա հոգում աճում և ամրանում էր սիրելու ձգտումը, ֆիզիկական ու բարոյական տառապանքները նրա մեջ մեռցնում էին թույլատրելի սերը, ամուսնական սերը։
  • Իր և ամուսնու միջև այսուհետ պիտի կանգներ մտքերի մի բովանդակ աշխարհ, որոնց ծանրությունը նա մենակ պիտի կրեր։
  • Տառապող մարդկանց մոտ զարգացած է ինչ-որ ներքին տեսողություն, նրանք լիովին և ճիշտ կարդում են միմյանց մտքերը և միատեսակ են ընդունում տպավորությունները։
  • Բոլոր սխալները, գուցե և հանցանքները, հիմնված են ծայրահեղ եսամոլության վրա։
  • Մի՞թե չեն պատահում շատ տղամարդիկ, որոնց խորունկ ոչնչությունը գաղտնիք է նրան ճանաչող մարդկանց մեծամասնության համար։ Բարձր դիրքը, երևելի ծագումը, կարևոր պաշտոնները, քաղաքավարության որոշ փայլը, մեծ զսպվածությունը վարվելակերպի մեջ, կամ թե հարստության հմայքը նրանց համար կարծես պահակներ լինեն, որոնք արգելում են քննադատներին թափանցել նրանց խիստ անձնական գոյավիճակի մեջ։ Այդ մարդիկ նման են թագավորների, որոնց իսկական հասակը, բնավորությունը և բարքերը երբեք չեն կարող ոչ լավ ճանաչվել, ոչ էլ ճշտորեն գնահատվել, որովհետև նրանք տեսանելի են կամ շատ հեռվից, կամ շատ մոտիկից։ Շինծու արժանիքներով օժտված այդ մարդիկ ոչ թե խոսում են, այլ հարցեր են տալիս, հմտություն ունեն ուրիշներին նախաբեմ հանել, որպեսզի խուսափեն իրենք իրենց հանդես բերելուց. ապա զարմանալի ճարպկությամբ նրանք քաշում են յուրաքանչյուրի կրքերի ու շահագրգռությունների թելը, որոնք իրապես իրենցից բարձր են, նրանց մարիոնետներն են դարձնում ու աննշան մարդիկ համարում, իջեցնելով մինչև իրենց աստիճանը։ Դրա համար, այդ դատարկ գլուխների մասին դատելու, նրանց ժխտական արժեքը կռահելու համար, դիտողը պարտավոր է ունենալ ավելի նրբին, քան խորը խելք, ավելի համբերություն, քան լայն մտահորիզոն, ավելի նրբամտություն ու տակտ, քան մտքի մեծություն ու վեհություն։ Այնուամենայնիվ, ինչպիսի ճարպկություն էլ որ ցուցահանեն այդ բռնակալները ծածկելու իրենց թույլ կողմերը, նրանց համար ավելի դժվար է խաբել կնոջը, մորը, երեխաներին, կամ տան բարեկամներին։ Բայց մերձավորները գրեթե միշտ գաղտնի են պահում այդ, դա որոշ չափով վերաբերում է իրենց ընդհանուր պատվին, և նույնիսկ այդ մերձավորներն օգնում են նման մարդկանց մոլորության մեջ գցել հասարակությանը։ Եթե շնորհիվ այդ տնային դավադրության շատ տխմար մարդիկ անց են կենում որպես մեծ խելքով օժտվածներ, ապա այդպիսով հավասարակշռվում է խելոք մարդկանց քանակը, որոնք հիմար են համարվում։ Այնպես որ, հասարակության մեջ միշտ էլ կան մակերեսային տաղանդներ։ Մտածեք հիմա այն դերի մասին, որ պետք է խաղա խելոք ու զգայուն մի կին այդ տիպի մի ամուսնու կողքին. չե՞ք նկատել տխրություններով ու անձնվիրությամբ հարուստ այդպիսի անձնավորությունների, որոնց սիրով ու քնքշությամբ լի սրտերը այս աշխարհում իրենց վարձատրությունը չեն գտնում։ Եթե այդպիսի սոսկալի դրության մեջ է ընկնում ուժեղ ոգու տեր կին, ապա նա դրանից դուրս է պրծնում ոճիրով, ինչպես Եկատերինա Երկրորդը, որը, այնուամենայնիվ, Մեծի կոչում է ստացել։ Բայց ոչ բոլոր կանայք են գահի վրա բազմում, նրանց մեծամասնությունը դատապարտվում է ընտանեկան դժբախտությունների, որոնք նույնքան սոսկալի են, թեև մնում են աննկատ։
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 3529 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%