Сайт управляется системой uCoz

           

Главная » 2013 » հոկտեմբեր » 16 » Անցյալի դառը հիշողություններ
14:27
Անցյալի դառը հիշողություններ
Նրանից բաժանվել ես ու շատ շփոթված ես: Ուրի՞շն է հայտնվել նրա կյանքում: Ինչո՞ւ դա պիտի հենց քեզ հետ լիներ: Նրան հարցերով ողողելու փոխարեն` խելացի միջոց ընտրիր վերքը սպիացնելու համար:

Բաժանումը միշտ էլ ցավոտ է: Եվ հատուկ տաղանդով օժտված լինել հարկավոր չէ՝ գուշակելու համար, թե ինչ ես ուզում անել: Եվ այսպես, ուզում ես` (1) բարձր գոռալ, (2) վերադառնալ սիրեցյալիդ մոտ, (3) խոսել նրա հետ` վերլուծելով ձեր հարաբերությունների բոլոր մանրամասները` իբր վերջ դնելու ամեն ինչին, սակայն հույսով, որ գուցե նրա որևէ խոսքից ամեն ինչ իր տեղը կընկնի, ու դու կդադարես տառապել: Մենք ընդունում ենք առաջին երկու տարբերակը: Թեև շատ լավ հասկանում ենք նաև երրորդ տարբերակի ցանկությունը: Սակայն մի՛ շտապիր այն կյանքի կոչել. փորձագետների պնդմամբ` արդեն նախկին սիրելիի աչքերի մեջ նայելը` իբր հարաբերություններ պարզելու նպատակով, ավելի կործանիչ է:

«Հավատացեք` դա միայն ձեզ ավելի կցավեցնի,- ասում է Հարվարդի բժշկական համալսարանի պրոֆեսոր և The Power of Resilience գրքի համահեղինակ Ռոբերտ Բրուքսը: - Որովհետև 99%-ով անիմաստ խոսակցություն է»: Այո՛, գրեթե անհավանական է, որ խոսակցության ընթացքում պարզվի, թե սիրելիդ, փաստորեն, գաղտնի գործակալ է ու ստիպված էր հեռանալ երկրից, կամ անբուժելի հիվանդ է (կամ ձեր խոսակցությունից հետո բացի գիրկն ու ասի` վերադարձիր ինձ մոտ): Համենայն դեպս, ցանկացած պարագայում մեր խորհուրդները կօգնեն քեզ ճիշտ ու հստակ կողմնորոշվել:

Ոչ մի կախարդական բառ

«Դու ավելի լավին ես արժանի... Խնդիրը ես եմ, այլ ոչ թե դու... Ես արվամոլ եմ...». այս խոսքերն ու արտահայտություններն իր կյանքում գոնե մեկ անգամ լսել է յուրաքանչյուր աղջիկ: Իսկ այժմ մտածիր` դա ես ուզում լսել նրանից, մի՞թե դրանից քեզ ավելի հանգիստ ու լավ կզգաս: Բնականաբար` ոչ: «Նրա պատասխանները կապ չունեն, որովհետև ոչ անցյալը կփոխեն, ոչ էլ կօգնեն քեզ առաջ շարժվել»,- մանրամասնում է The Sassy Little Guide to Getting Over Him գրքի հեղինակ Սանդրա Անն Միլերը: Ավելին` այդպես դու կախվածության մեջ ես ընկնում նրանից, մինչդեռ` քո երջանկությունը քո ձեռքում պիտի լինի: «Երբ տարված ես այն մտքով, թե ինչ կասի քեզ հանգստացնելու համար, նշանակում է` նա իշխում է քեզ»,- շարունակում է փորձագետը:

Ցանկանում ես ազատվե՞լ այդ ազդեցությունից: Դրա համար ստիպված ես նրան հանել քո առօրյայից. ջնջիր նրան Facebook-ի ընկերների ցուցակից, մի՛ փնտրիր Twitter-ում, ընկերներիդ խնդրիր` չհիշատակեն նրա և ձեր հարաբերությունների մասին: Ասա նրանց. «Գնահատում եմ, որ իմ կողքին եք, բայց իմ ներկայությամբ մի՛ խոսեք նրա մասին. ուզում եմ մոռանալ ամեն ինչ: Եթե որևէ բան պետք լինի, ես ինքս կհարցնեմ»: Բայց հիշիր. չպետք է հարցնես:

Տառապալից օրեր

Նախ` մոռանում ես նրան որևէ կերպ մոտ լինելու գաղափարը: Սգո օրեր հայտարարիր ինքդ քեզ համար... Հավատացնում ենք, դժվարն առաջին երկու շաբաթն է: Փորձագետների պնդմամբ` այդ ընթացքում էմոցիաների բուռն պոռթկումից հետո ավելի հեշտ շրջան է սկսվում: «Երկու շաբաթ վշտովդ տապակվելուց հետո ենթագիտակցորեն սկսում ես վերականգնվել»,- ասում է Getting Past Your Breakup գրքի հեղինակ Սյուզան Էլիոթը: Այդ ընթացքում աշխատիր ընկերներիդ հետ լինել, լավ ժամանակ անցկացնել: Հենց երկու շաբաթը լրանա, քեզ առաջվա պես կործանված չես զգա: Քեզ նորից կայցելի այն միտքը, որ կյանքը հրաշք է, և որ դու իսկապես արժանի ես վայելելու այդ հրաշքը:
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 447 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%