Երբ Մարսի վրա զբաղված էի երկրագործությամբ` Երազկոտ նստած իմ քաղաքային նեղլիկ սենյակում, Իմ խեղճ դռնակը հանկարծ ենթարկվեց ահեղ փորձության. Դու էիր թակում.
Ես դա զգացի, Ինչպես թռչունն է զգում վերահաս փոթորկի շունչը` Թռչունն այս դեպքում բույնն է շտապում, Իսկ քանի որ ես իմ բնումն էի, Էլ ի՞նչ էր մնում, Որ ի՛նչ անեի. Ու ես փակեցի աչքերըս վախով, Թերևս ակամա ես հետևեցի Ջայլամի հիմար իմաստնությանը: Իսկ դու որսորդ ես. Եվ չսպասեցիր իմ «համեցեք»-ին, Ի՛նքըդ ներս մտար:
Աստվա՜ծ իմ, Չէ՞ որ մի փոքըր առաջ Ես Մարսի վրա Զբաղված էի երկրագործությամբ: Եվ ահա փչեց քամին փորձության, Եվ ահա խոփըս դիպավ ժեռ քարին, Իսկույն չքացան ցորենն ու գարին, Դեմըս լոկ մնաց դեմքն այդ ցորնագույն Ու գարեհատիկ վզնոցը զնգուն, Մնացին միայն աչքերը` Նրա՜նք, Որ միշտ կյանքիս մեջ ցանում են վարանք…
Ես չէի նայում աչքերին, դիտմա՛մբ, Որ կեռ հոնքերի բացմամբ ու կիտմամբ Փոխում են և՛ ձև, Ե՛վ ցոլք ու երանգ: Ես չէի նայում, Բայց զգում էի, Որ պիտի նայե՛մ, Որ չե՜մ դիմանա, Եվ նայեմ թե չէ` Իսկույն կիմանա, Որ իմ կյանքի մեջ ոչի՜նչ չի փոխվել, Որ առաջվա պես այդ ինքն է մխվել, Մխվել իմ կյանքում, Մխվել` որպես սեպ, Որ ո՛չ ճեղքում է, Ո՛չ դուրս է գալիս…
Ես չէի նայում, Որ անինքնասեր իմ լեզուն հանկարծ Չասի. «Ցանկալի՜ս»։
Եվ իմ ցավատանջ գլխի կեսդարձով, Առանց նայելու երեսին նրա, Սուտ հանգըստություն երեսիս վրա` Նրան եմ դիմում նույն հիմար հարցով. -Քեզ ի՞նչն է այսպես իմ դուռը բերում:
Նա հապաղում է, Ես` մտաբերում, Հիշում եմ հանկարծ Եվ… մռայլ ու կարճ Պատասխանում եմ ինքըս իմ հարցին. -Հայտնի է կարծեմ, Որ հանցագործին Նրա ոտքերը սիրում են տանել Այնտեղ, որտեղ նա… մարդ է սպանել…
Ելնում է ոտքի: Հանգիստ է: Վսեմ: Ասածըս կարծես նույնիսկ չի լսել: Ու դուրս է գնում այնպիսի՛ քայլքով, Ասես ուզում է իր կրունկներով ողջե՜րթ նվագել:
Գնում է, Թողնում, Որ… Մարսի վրա կատարած ցանքիս Բերքը հավաքեմ… |