- Քեզ համար պարզիր վեճի նպատակը և հետևիր դրան: Ինչի՞ ես ուզում հասնել` ուշադրությա՞ն, փողի՞, սեքսի՞: Խանդի հարցում վերջակե՞տ դնել, թե՞ դադարեցնել հարաբերությունները: Ցանիր այն, ինչ ցանկանում ես հնձել:
- Սթափ դատիր: Մտքերդ արտահայտելիս նախօրոք մի լավ մտածիր և աշխատիր չշեղվել: Զուգընկերոջդ էլ առաջարկիր նույնն անել: Այդպիսով բառերը կհամոզեն` դիմելով բանականությանը, այլ ոչ թե` էմոցիաներին:
- Գոտկատեղից ներքև հարվածիր միայն այն դեպքում, եթե քանդելու ցանկությունն ավելի մեծ է, քան կառուցելունը: Զուգընկերոջ ցավոտ տեղերից կարող են լինել նրա մայրը, ընկերները, աշխատանքը, այն ամենն, ինչ սուրբ է նրա համար և նյարդայնացնող` քեզ համար: Դե իսկ եթե որոշել ես հարվածել, ապա դա արա առավելագույնս քաղաքակիրթ:
- Եթե ցանկանում ես վեճը շուտ հարթել, խուսափիր խնդրահարույց բառերից, ինչպիսիք են`«պետք է», «պարտավոր ես»: Դրանցում բացահայտ ստիպողականություն կա. սպառնալիքները, հարցաքննությունը, քննադատությունը, պարտադրանքը, այլոց հետ համեմատությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, և վեճը կվերածվի անժամկետ կռվի: Իսկ դու հաստատ դա չէիր ուզում:
- Սովորիր դիվանագիտորեն արտահայտվել. ոչ թե «քո մայրիկը քիթը մտցնում է մեր կյանքի մեջ», այլ «արտաքին միջամտությունները վերջերս կարծես զգալիորեն խանգարում են մեր փոխըմբռնմանը»:
- Լույսը կբացվի, բարին հետը: Ավելի ճիշտ է վիճաբանել, երբ հանգիստ ես և քունդ առած: Եթե չես հավատում` հենց հիմա «մարշ» անկողին` ստուգելու:
- Ճիշտ արձագանքիր բղավոցին: Նույն կերպ երբեք մի պատասխանիր: Եթե նա քեզ վրա գոռում է, նշանակում է, որ այդպես են հարաբերություններ պարզել նրա ծնողները: Իսկ եթե դու ուզում ես ավելի բարձր գոռալ, ուրեմն... արդեն կարող ես ինքդ էլ գուշակել:
- Ավելի լավ է փշրել իրը, քան զգացմունքները: Ամանեղե՞ն ես կոտրում: Կոտրիր: Ավելի լավ է ջարդուփշուր անես ափսեները, քան կորցնես ինքնատիրապետումդ և ասես բաներ, որոնք չէիր պատրաստվում:
- Հաշտության առաջին քայլն անում է ոչ թե հիմարը, այլ ուժեղը: Սակայն պետք չէ սա ընդունել որպես կոչ և միշտ անել առաջին քայլը: Դու պետք է որոշես, թե երբ ես պատրաստ իջեցնել դրոշդ:
- Հրամայում է նա, ով պակաս վստահ է իր ուժերին: Եթե զուգընկերդ քեզ որևէ բան պարտադրելու փորձեր է անում, կարելի է հանգիստ պատասխանել. «Գիտեմ, որ դու ունես ուժ և հեղինակություն», այնուհետև շարունակել ասելիքդ «Սակայն դա քեզ իրավունք չի տալիս», «Միևնույն է, դա քեզ իրավունք չի տալիս» թեմայով:
- Արցունքները վատ մեթոդ չեն, սակայն «բազմակի օգտագործման» համար չեն. իմիջիայլոց, մի զլացիր ուսումնասիրել զուգընկերոջդ կենսագրությունը. գուցե նա իմունիտետ ունի արցունքների նկատմամբ:
- Անսպասելի և ծանր լռությունն ամենատհաճ և ամենաանարդարացի քայլերից է: Եթե դա է քո մեթոդը, իմացիր, որ դա չի նպաստի պրոբլեմի լուծմանը, այլ միայն անիմաստ կնյարդայնացնի զուգընկերոջդ: Եթե լռում է նա, ոչ թե դու, զբաղվիր քո գործերով և մի մտածիր այդ մասին: Զուգընկերդ, հասկանալով, որ ոչինչ դուրս չի գա, առաջինը կխոսի քեզ հետ:
- Պահիր հավասարակշռությունը. որքան ձեզանից մեկը մոտ է հիստերիային, նույնքան հանգիստ պետք է լինի մյուսը:
- Տարբերիր վեճի շարժառիթն իրական պատճառից. օրինակ`գարեջրատուն նրա այցը` քեզ հետ թատրոն գնալու փոխարեն (շարժառիթ) և քնքշանքի ու ուշադրության բացակայությունը (քո դժգոհության իրական պատճառը):
- Ընթացքում մի մոռացիր վեճի իսկական պատճառի մասին, մի փոխիր թեման, թեև երբեմն դա անելու շատ մեծ ցանկություն է առաջանում: Առհասարակ օգտակար է վեճի ամենաթեժ պահին հիշել, թե ինչպես այն սկսեց և «հաճելիորեն» զարմանալ. սկսեցիք սկավառակներից, որոնք սեղանին թափված էին և խանգարում էին ափսե դնելուն և ավարտեցիք քո ծննդյան չստացված տարեդարձով: Խստորեն հետևիր կանոնին` մեկ վեճ, մեկ քննարկման թեմա:
- Աշխատիր խուսափել ուլտիմատումներից և միևնույն ժամանակ թույլ մի տուր, որ քո առջև ևս ուլտիմատումներ դնեն:
- Ավելի խելացի կգտնվես, եթե լռես: Զուգընկերոջ ստորացումը և նրա կենսագրության` քեզ հայտնի փաստերի խեղաթյուրումը արգելված թեմաներ են:
- Նշիր մյուս արգելված թեմաների շրջանակը, քանի դեռ ամեն ինչ շատ չի խորացել: Ասա նրան, որ չարժե մեկը մյուսի ցավոտ տեղերին դիպչել. դա միայն ցավ է պատճառում, ուրիշ ոչինչ:
- Զգուշացրու սպասվող քննադատության մասին: Հայտնի հոգեբանական մեթոդ է. «Սիրելիս, կարելի է ասեմ` ինչն ինձ դուր չի գալիս»: Այս հարցը կարող է հարթել սուր անկյունները և մեղմել կրքերը: Քննադատելիս ասացեք ոչ թե «դու վատ ես անում», այլ «շատ կուզեի, որ այսինչ բանն այսպես անեիր»: Եղիր առավելագույնս կոնկրետ:
- Երբեք մի վիճիր վկաների ներկայությամբ: Եթե քեզ բացահայտ ստորացնում կամ վիրավորում են ուրիշների ներկայությամբ /կամ նույնիսկ եթե մենակ եք/, կտրուկ և անմիջապես դադարեցրու երկխոսությունը:
- Երբեք նրա երեսին մի շպրտիր այն գաղտնիքը, որ ինքն է քեզ վստահել։ Զուգընկերոջից անկեղծության կամ մերձեցման պահին ստացած տեղեկությունը վեճի ընթացքում օգտագործելն անդաստիարակություն է:
- Մի ընդհատիր, որքան հնարավոր է զսպիր քեզ: Նրան լսելը կարող է օգտակար լինել:
- Պարզիր, թե արդյոք վեճը կապ չունի՞ քո սեռական անբավարարվածության հետ: Եթե այդպես է, փորձիր նախևառաջ նրբորեն ստանալ քո ցանկացածը:
- Իսկ եթե վեճն ամեն անգամ ավարտվում է կրքոտ սեքսով, անհրաժեշտ է զբաղվել ինքնաուսումնասիրությամբ, ցանկալի է` մասնագետի օգնությամբ:
- Վեճն ընդհատելն ու տնից անհետանալը վնասակար է հոգեկան առողջության համար, քանի որ անավարտ գործը միշտ ավելորդ ռեսուրս է խլում:
- Եթե քեզ ուղղված մեղադրանքները հիմնավոր են, ընդունիր սխալդ, դա աշխատող տարբերակ է:
- Փորձիր ընդունել նաև զուգընկերոջդ ջանքերը, դա տասն անգամ ավելի արդյունավետ է:
- Բացառիր «դու միշտ» և «դու երբեք» արտահայտությունները: Հիշիր, որ ընդհանրացումը կոնկրետության թշնամին է:
- Որևէ թեմայի վերաբերյալ պահանջներ ներկայացնելը նման է ատրճանակի, որից կարելի է կրակել: Չէ՞ որ վեճը նրա համար է, որպեսզի ժամանակ առ ժամանակ դուրս հանենք կուտակված բացասականը:
- Կռվից հետո բռունցք թափ չեն տալիս: Իմաստ չունի քննարկել, թե նա ինչու էր երեկույթի ընթացքում սիրահետում ուրիշին այդ երեկույթից մեկ շաբաթ անց: Առավել ևս` ծանրութեթև արա, թե արդյոք իմաստ ունի՞ դա ի կատար ածել տնօրենի հետ կայանալիք կարևոր հանդիպումից մեկ ժամ առաջ:
- Հատկապես պայթյունավտանգ են «ամեն ինչ քո պատճառով է», «դու ես մեղավոր», «դու խոստացել էիր», «պարտավոր ես, քանի որ», «ասում էի, չէ», «եթե դու ինձ սիրեիր», «մայրս ճիշտ էր ասում» արտահայտությունները...
- Առհասարակ հարկավոր է հանգիստ թողնել մայրերին: Տասնութամյակը նշելուց հետո ժամանակն է կտրել պորտալարը, ընդ որում` թե' քո, թե' նրա:
- Կարծիք կա, որ տղամարդը վեճում ցանկանում է «ավելի ճիշտ» լինել կամ գոնե լսված, իսկ կինը ցանկանում է պահպանել հարաբերությունները: Դա նույնպիսի կարծրատիպ է, որքան այն, որ կանայք ավելի հաճախ են ափսե կոտրում: Ուղղակի տղամարդկանց ձեռքի տակ այդքան ափսե չի ընկնում:
- Եթե քեզ նրա մեջ ինչ-որ բան նյարդայնացնում է, նույնը փորձիր քո մեջ փնտրել: Եվ եթե ինքնախաբեության հակում չունես, ապա այս կամ այն չափով նույնը կհայտնաբերես նաև քո մեջ:
- Վեճից երկու օր անց դեռ խռոված մնալը դաստիարակության պակաս է և վամպիրիզմի տարատեսակ: Միևնույն է` զուգընկերոջիցդ անվերջ մեղքի զգացում քամել չի ստացվի: Աղբյուրը` www.cosmo.am
|