Շատ ժամանակներ առաջ կար մի կղզի, որի վրա ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախություն, Տխրություն, Իմացություն և այլն: Նրանց հետ միասին ապրում էր նաև Սերը: Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց ծածկվում է ջրով և շուտով կանցնի ջրի տակ: Բոլորը նստեցին իրենց նավերն ու լքեցին կղզին: Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեները: Երբ կղզին գրեթե ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, և Սերը հասկացավ, որ այլևս հույս չկա, թե կղզին կփրկվի, սկսեց օգնության կանչել: Մոտակայքով անցնում էր Հարստության շքեղ նավը: Սերը խնդրեց նրան վերցնել իրեն, սակայն Հարստությունն ասաց, որ իր նավի վրա այնքան թանկարժեք իրեր, ոսկի ու արծաթ կա, որ Սիրո համար տեղ չկա: Այդժամ Սերը դիմեց Գոռոզությանը, ով նույնպես անցնում էր կղզու մոտով, բայց ի պատասխան լսեց, որ իր ներկայությունը կխախտի Գոռոզության նավի վրա տիրող կանոնակարգվածությունն ու կատարելությունը: Այնուհետև, նկատելով Տխրության նավը, Սերն աղերսանքով դիմեց նրան: - Օ՜, Սեր, – պատասխանեց Տխրությունը.- ես այնքան տխուր եմ, որ պետք է մենակ մնամ: Կղզու մոտով իր նավով անցավ նաև Ուրախությունը, սակայն նա այնքան ուրախ էր, որ անգամ չլսեց Սիրո աղերսանքը: Հանակարծ Սիրո ականջին մի ձայն հասավ. «Արի, Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ»: Սերը շրջվեց և տեսավ մի ալևոր ծերունու ու այնքան ուրախացավ, որ անգամ մոռացավ հարցնել նրա անունը: Երբ նրանք հասան ցամաքին, Սերը իջավ նավից, իսկ ծերունին շարունակեց իր ճանապարհը: Եվ երբ ծերունու նավակը անհայտացավ տեսադաշտից, Սերը հանկարծ սթափվեց. նա նույնիսկ շնորհակալություն չէր հայտնել ծերունուն: Սերը դիմեց Իմացությանը. - Իմացություն, ասա ինձ, ո՞վ էր իմ փրկիչը: - Դա Ժամանակն էր,- պատասխանեց Իմացությունը: - Ժամանա՞կը,- զարմացավ Սերը,- հանուն ինչի՞ նա ինձ օգնեց: Իմացությունը նայեց Սիրո շփոթված դեմքին և պատասխանեց. - Միայն Ժամանակը գիտի, և միայն նա է հասկանում` որքան կարևոր է կյանքում Սերը:
|