Շատ կանայք ուշ են դիմում ակնաբույժի, երբ տեսողությունն արդեն վնասվել է և պահանջում է ակնոցներ կրել: Որոշ կանայք տգեղանալու երկյուղից խուսափում են ակնոց կրել: Դա մեծ սխալ է, որից հաճախ տեսողությունը վատանում է: Ձեր դեմքին համապատասխանող նորաձև ակնոցը կարող է նույնիսկ ընդգծել ձեր գեղեցկությունը: Եթե դուք կարճատես եք և անդադար կկոցում եք ու լարված նայում եք առարկաներին, առանց ակնոցի դուք գեղեցիկ չեք երևա:
Լավ տեսք ունենալու և ինքնազգացողությունը պահպանելու համար պետք է ընտրել ձեր դեմքին հարմար շրջանակներ: Քառակուսի դեմքը պահանջում է երկարացնել: Օգտագործեք կլոր շրջանակով ակնոցներ:
Ուղղանկյուն ձևի դեմքը կարիք ունի լայն շրջանակով ակնոցների: Վերին գիծը պետք է լինի հորիզոնական և բոլորովին ուղիղ, իսկ ներքևինը` կոր` նեղ դեմքին լայն տեսք տալու համար:
Կլոր դեմքին սազում է թեքված ու վերև բարձրացրած և դրսից անկյուններով բարակ շրջանակ, որպեսզի դեմքը ձվաձև տեսք ունենա:
Եռանկյունի դեմքը պահանջում է ուղիղ, հոնքերին զուգահեռ գծով շրջանակի օգտագործում այտոսկրերի ուռուցիկությունը փոքրացնելու համար:
Ներքևի մասը լայն եռանկյունի դեմքը կարիք ունի լայնացնելու վերևի մասը վեր թեքված և դրսից անկյուններով լայն շրջանակներ կրելու միջոցով:
Ձվաձև դեմքը պահանջում է թեթևակի կլորավուն շրջանակներ, որոնք դուրս չգան աչքերի սահմաններից, այլ միանգամայն ծածկեն դրանք: