Դիմահարդարների ու վարսահարդարների կարծիքով, հարսի դիմահարդարումը պետք է ընդգծի նրա բնական գեղեցկությունը, թարմությունը, անմեղությունն ու ռոմանտիկ տեսքը:
Հետեւաբար, դիմահարդարումը պետք է լինի նուրբ ու բնական:
Դրա հետ միասին այն պետք է լինի բավականին արտահայտիչ, որպեսզի նկարահանվելիս հարսը գունատ տեսք չունենա:
Հարսանեկան դիմահարդարումը պետք է համապատասխանի հարսանեկան զգեստին եւ զուգընկերոջ ոճին: Բացի դրանից, հաշվի պետք է առնել այն հանգամանքը, թե օրվա որ ժամին է տեղի ունենալու հարսանիքը: Եթե տոնակատարությունը պետք է տեղի ունենա օրվա երկրորդ կեսին, ապա անկասկած գեղեցիկ կլինի բաց երանգներով թեթեւ դիմահարդարումը, իսկ եթե` երեկոյան, ապա պետք է ընտրել առավել վառ ու հագեցած գույներ:
Մի մոռացեք, որ հարսանեկան դիմահարդարումը պետք է լինի «պինդ», որպեսզի «դիմակայի» համբույրներին, արցունքներին ու եղանակի մատուցած բազում անակնկալներին: Դրա համար անհրաժեշտ է ձեզ հետ վերցնել կոսմետիկ պարագաներ` դիմափոշի, շրթներկ եւ այլն: Հուսով ենք, որ մեր տված խորհուրդները կօգնեն ձեզ ունենալ անկրկնելի տեսք եւ դառնալ ամենահմայիչ հարսը:
1. Հարսի դեմքը պետք է լույս, հմայք, քնքշություն, հեզություն ու գեղեցկություն արտացոլի: Ոչ ոք չպետք է կասկածի, որ հարսանյաց հանդեսի զարդը հարսն է:
2. Մի հրաժարվեք հարսանեկան ոճաբանների ծառայություններից: Հենց նրանց մասնագիտական հմտությունների շնորհիվ դուք կունենաք անկրկնելի տեսք ու ձեր գեղեցկությունը բացարձակապես բնական կերեւա:
3. Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել «հարս եւ փեսա» ընդհանուր պատկերին:
4. Ցանկացած մանրուք պետք է հաշվի առնել, ոչ մի ավելորդություն չպետք է լինի:
5. Հիշեք, որ չափից ավելի զարդերի, ժապավենների, ժանյակների ու փայլերի առկայությունը շեղում է մարդկանց ուշադրությունը: