Ուիթնի Հյուսթոնի մահվան լուրը առաջին րոպեներից ուղեկցվում է շոկային արձագանքներով` նախևառաջ նրա գործընկերների կողմից, որոնք հիմնականում հայտնվում են տարբեր սոցցանցերում: Հետաքրական էր, որ նման երևույթ դիտարկվեց նաև մեզ մոտ: Տեղական շոուբիզնեսի թերևս ամենացանցային ներկայացուցիչներից մեկը` երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը, ևս համապատասխան գրառումներ արեց Facebook-ի իր էջում` գրելով. «Բոլոր ազգերի, բոլոր ժամանակների լավագույն երգչուհի Ուիթնի Հյուսթոնն է մահացել: Մեծ կորուստ երաժշտական աշխարհի համար: Ցավակցում եմ մեզ բոլորիս և նրա ընտանիքին: Շատ վատ եմ զգում: Շատ: Աստված հոգին լուսավորի»: Սա ոչ միայն ինչ-որ առումով տուրք է միտումին, այլև ոչ պակաս անկեղծ ցավակցություն, ինչպես ասենք Քրիստինա Ագիլերայի գրառումը սոցցանցում. «Մենք կորցրեցինք ևս մեկ լեգենդի: Ես աղոթում եմ նրա ընտանիքի հետ միասին: Նրան մենք շատ կկարոտենք»։ Այնուհետև Նադեժդա Սարգսյանը գրառում էր տարածել` անդրադառնալով արդեն Ուիթնի Հյուսթոնի ինքնասպանությանը` վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ Նադեժդա Սարգսյանի` ինքը զանգել է ԱՄՆ և տեղեկացել, որ Ուիթնի Հյուսթոնը ինքնասպանության կրկնակի փորձ է կատարել: Նախ կտրել է երակները, ապա մահացու քանակությամբ դեղահաբեր ընդունել: Դա տեղի է ունեցել Beverly Hilton Hotel հյուրանոցում, որտեղ ինչպես Հյուսթոնը, այնպես էլ շատ ու շատ աստղեր, պետք է մասնակցեին մրցանակաբաշխության: Ըստ լուրերի` հյուրանոցում ներկա բոլոր աստղերը մեծ շոկի մեջ են: Չէ՞ որ այն պահին, երբ նրանցից շատերը լավ ժամանակ էին անցկացնում, մի քանի քայլ այն կողմ մահանում էր Հյուսթոնը: Արտասահմանայն ԶԼՄ-ները գրում են, թե շատ աստղեր հարբած վիճակում են եղել Հյուսթոնի համար ճակատագրական վայրկյաններին: Նադեժդա Սարգսյանը Tert.am-ին հայտնեց նաև, որ չէր ցանկանա, որ ինքնասպանության վարկածը ճիշտ լիներ, սակայն այդ մասին տեղեկացել է հավաստի աղբյուրից` վարսահարդար Կարեն Մադաթյանից, ով գեղեցկության սրահ ունի Բևեռլի Հիլզում և մտերիմ է անձամբ Հյուսթոնի եղբոր հետ: Պետք է նկատել, որ մոտ 3-5 ժամ առաջ արտասահմանյան լրատվամիջոցներում ևս լրջորեն քննարկվում է Հյուսթոնի ինքնասպանության վարկածը: Խոսվում է ինչպես ձեռքի երակները կտրելու, այնպես էլ քնաբերի օգնությամբ կյանքին վերջ տալու վարկածների մասին: Ինքնասպանության հնարավոր հիմնական դրդապատճառ է համարվում երգչուհու սնանկացումը. նա հաջողել է վատնել իր գրեթե 100 միլիոնանոց կարողությունը: Տարածվող այլ լուրերի համաձայն Ուիթնի Հյուսթոնը մահացել էր դեռևս 2 օր առաջ: