Главная » Статьи » Բանաստեղծություններ

В разделе материалов: 57
Показано материалов: 41-50
Страницы: « 1 2 3 4 5 6 »

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:

. . . . . . . . . . . . . . . . . . .

…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:

Ես ատում եմ քո անունը…
Պարույր Սեւակ | Просмотров: 343 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Մեր ձեռքերը միացան,
Միայն երկու ձեռքերը:

Եվ մեր ձեռքերը կարծես
Ձեռքեր չէին
Այլ… նեղուց.

Ու խառնվեցինք մենք իրար,
Որպես երկու մոտիկ ծով,
Որ անջատված են վաղուց…
Պարույր Սեւակ | Просмотров: 504 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ…
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…
Պարույր Սեւակ | Просмотров: 466 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Երբ Մարսի վրա զբաղված էի երկրագործությամբ`
Երազկոտ նստած իմ քաղաքային նեղլիկ սենյակում,
Իմ խեղճ դռնակը հանկարծ ենթարկվեց ահեղ փորձության.
Դու էիր թակում.

Ես դա զգացի,
Ինչպես թռչունն է զգում վերահաս փոթորկի շունչը`
Թռչունն այս դեպքում բույնն է շտապում,
Իսկ քանի որ ես իմ բնումն էի,
Էլ ի՞նչ էր մնում,
Որ ի՛նչ անեի.
Ու ես փակեցի աչքերըս վախով,
Թերևս ակամա ես հետևեցի
Ջայլամի հիմար իմաստնությանը:
Իսկ դու որսորդ ես.
Եվ չսպասեցիր իմ «համեցեք»-ին,
Ի՛նքըդ ներս մտար:

Աստվա՜ծ իմ,
Չէ՞ որ մի փոքըր առաջ
Ես Մարսի վրա
Զբաղված էի երկրագործությամբ:
Եվ ահա փչեց քամին փորձության,
Եվ ահա խոփըս դիպավ ժեռ քարին,
Իսկույն չքացան ցորենն ու գարին,
Դեմըս լոկ մնաց դեմքն այդ ցորնագույն
Ու գարեհատիկ վզնոցը զնգուն,
Մնացին միայն աչքերը`
Նրա՜նք,
Որ միշտ կյանքիս մեջ ցանում են վարանք…

Ես չէի նայում աչքերին, դիտմա՛մբ,
Որ կեռ հոնքերի բացմամբ ու կիտմամբ
Փոխում են և՛ ձև,
Ե՛վ ցոլք ու երանգ:
Ես չէի նայում,
Բայց զգում էի,
Որ պիտի նայե՛մ,
Որ չե՜մ դիմանա,
Եվ նայեմ թե չէ`
Իսկույն կիմանա,
Որ իմ կյանքի մեջ ոչի՜նչ չի փոխվել,
Որ առաջվա պես այդ ինքն է մխվել,
Մխվել իմ կյանքում,
Մխվել` որպես սեպ,
Որ ո՛չ ճեղքում է,
Ո՛չ դուրս է գալիս…

Ես չէի նայում,
Որ անինքնասեր իմ լեզուն հանկարծ
Չասի. «Ցանկալի՜ս»։

Եվ իմ ցավատանջ գլխի կեսդարձով,
Առանց նայելու երեսին նրա,
Սուտ հանգըստություն երեսիս վրա`
Նրան եմ դիմում նույն հիմար հարցով.
-Քեզ ի՞նչն է այսպես իմ դուռը բերում:

Նա հապաղում է,
Ես` մտաբերում,
Հիշում եմ հանկարծ
Եվ… մռայլ ու կարճ
Պատասխանում եմ ինքըս իմ հարցին.
-Հայտնի է կարծեմ,
Որ հանցագործին
Նրա ոտքերը սիրում են տանել
Այնտեղ, որտեղ նա… մարդ է սպանել…

Ելնում է ոտքի:
Հանգիստ է: Վսեմ:
Ասածըս կարծես նույնիսկ չի լսել:
Ու դուրս է գնում այնպիսի՛ քայլքով,
Ասես ուզում է իր կրունկներով ողջե՜րթ նվագել:

Գնում է,
Թողնում,
Որ… Մարսի վրա կատարած ցանքիս
Բերքը հավաքեմ…
Պարույր Սեւակ | Просмотров: 703 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Իմ տված ցավից
Դու լաց ես լինում,
Իսկ ես` ամոթի՛ց`
Տաք-պաղ քրտնում եմ:

Ի՜նչ ասեմ հիմա:
Գեթ մխիթարվի՛ր,
Որ նույն համն ունեն
Քրտինք ու արցունք…[size=12]
Պարույր Սեւակ | Просмотров: 578 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:

Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.

-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչո՞ւ:

Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկը,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո՛ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…

Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:

Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անո՛ւնդ ասա…

29-30.IV.1959թ. Մոսկվա
Պարույր Սեւակ | Просмотров: 436 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Անձրևն իր հալված երկար մատներով
Մատնահարում է լռին մայթերի գորշ ստեղները,
Եվ ամայացած-քնած քաղաքում
Սկիզբ է առնում մի խուլ եղանակ,
Որտեղ մաս ունի
Աշնան ծառերի դանդաղ դեղնելը,
Ե՛վ այն ամուրին,
Որ պաղ սենյակում քնել է մենակ,
Ե՛վ այն բողոքը,
Որ դատարանում իզուր չի հարգվել,
Ե՛վ այն կարոտը,
Որ սրտի վրա`
Իր տիրո՜ջ վրա,
Նոր տեր է կարգվել,
Ե՛վ այն աղջիկը,
Որ գեշ երազից ճչում է անձայն,
Ե՛վ այն հուշերը,
Որ եկան անկոչ,
Ես վռընդեցի՜,
Բայց էլի՛ չանցան:

Չանցա՛ն
Եվ հիմա,
Ինձ հետ միասին,
Ականջ են դնում,
Թե անձրևն իր պաղ, երկար մատներով,
Իր վատ նվագից չվհատվելով,
Ինչպե՞ս է ծեծում
Համըր մայթերի ստեղնաշարը:

Եվ իմ տխրության,
Չանցնող կարոտի առատ պաշարը
Համալըրվում է գթոտ խոսքերի նոր մթերումով:

Քո հեռո՜ւ-հեռո՜ւ պաղ մայթերում ո՞վ,
Ո՞վ կարող է քեզ այն խոսքերն ասել,
Որ եկել ահա բկիս են հասել.
-Իմ սիրտը
Սիրո հազար գիշեր է ապրել ու տեսել,
Իսկ ո՞ւր է հապա,
Ո՞ւր է գիշերը հազարմեկերորդ:
Մինչև վերջ պատմել ինչո՞ւ չես ուզում,
Ինչո՞ւ չես ուզում,
Իմ Շահրազադե՜:

Դու ո՞ւմ ես ուզում մահից ազատել…
Պարույր Սեւակ | Просмотров: 419 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:

Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին – անգիտակցաբար մեծ մեղք են գործում:

Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:

Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել…
Պարույր Սեւակ | Просмотров: 759 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Սկսվում է գիշերն արդեն:

Եվ աստղերը,
Որ ողջ ցերեկ խոր քուն մտան,
Հիմա իրենց ճառագայթե
Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում`
Ընդդեմ մթան:

Եվ անպաշտպան իմ կարոտը,
Որ անցել է խոր ընդհատակ
Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի,
Իմ կարոտը մատնըվում է քո անունից.
Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին:

Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում,
Իսկ ես` լուսնո՛տ,
Ես` լուսնահա՜ր,
Շեղ-սայթաքուն կտուրներով
Ու քիվերով ատամնաբաց,
Մինչև անգամ շանթարգելով,
Ահա նորից քեզ եմ գալիս`
Կյանքըս կրկին վտանգելով:

Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր
Ու ձայն տայիր`
Ճչալու պես «ա՜խ» անելով`
Իմ վտանգված կյանքի համար վախենալով,
Գիտե՜ս` ինչո՛վ կվերջանար,
Իմ ցանկալի՜ս:

Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:

Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ,
Թե կընկնեմ ցած
Եվ իմ արյամբ հալեցնելով ձյունը մայթում`
Դռնապանին գեթ կազատեմ ձյուն քերելուց:
Այդ չի՛ լինի,
Որովհետև ձայն չե՜ս տա դու,
Եվ դա- ո՛չ թե բարությունից,
Այլ… պարզապես չսիրելո՜ւց…
. . . . . . . . . . . . . . . . . . .
Պարույր Սեւակ | Просмотров: 352 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:

Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:

Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:

Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:

Փոխում եմ նաև… Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:

Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…
Պարույր Սեւակ | Просмотров: 431 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

1-10 11-20 21-30 31-40 41-50 51-57
%