Главная » Статьи » Բանաստեղծություններ

В разделе материалов: 57
Показано материалов: 31-40
Страницы: « 1 2 3 4 5 6 »

Ա՜յ թե ճանաչել,
Ա՜յ թե իմանալ ընդերքն ու հողը,
Բայց ո՛չ թե ինչ-որ երկրաբանի պես՝
Ծակելով հողի կողը կամ ողը.
Եվ ո՛չ էլ իբրև ինչ-որ հնաբան՝
Գործի դնելով բրիչ, բահ ու բան.
Եվ ո՛չ էլ անգամ՝
Ինչպես ես գիտեմ իմ հինգ մատները:

Ա՜յ թե ճանաչել ընդերքն ու հողը,
Ինչպես, երևի, հողն են ճանաչում
Լոկ արմատնե՜րը:
Պարույր Սեւակ | Просмотров: 397 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:

Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…
Պարույր Սեւակ | Просмотров: 321 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Արարատի պես -
Ոտքերը՝ հովտի ջերմությամբ վառած,
Կատարը՝ սառած:

Տիեզերական հրթիռի նման -
Բոցը՝ դեպի ետ,
Գլուխը՝ առաջ:

Շրթերի վրա՝ համրաձայն բառեր,
Իսկ սրտում՝ դղիրդ,
Իսկ հոգում՝ շառաչ…

. . . . . . . . . . . . . . . . . . .

Թո՛ղ նրա կյանքը մինչև իսկ լինի
Մի շուտասելուկ և կամ հանելուկ,
Միայն թե դառնան խոսքերն էլ… առած…
Պարույր Սեւակ | Просмотров: 340 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ
Ծառաբնի՛ վրա, քո ափի՛ մեջ:
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան:

Պտտեցնում եմ մատս և… փոխարեն թելի
Մատիս փաթաթվում է երկնի կապույտն ինքը:
Ոտներիս հետ հողն է սիրաբանում,
Եվ խաղողի վազն է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ…

Ինչպե՞ս թե բախտ չկա, էլ նա ո՞նց է լինում…

Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար…

Ա՜խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ–ուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազգ են փրկում բազկով և կամ խոսքով…

Ու ես մտածում եմ, որ հիրավի
Ժամացույցից պիտի շինել շաքար
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում-կում,
Իբրև անքնություն փարատող դեղ:

Եվ հայելուց… պիտի կոշի՜կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի…

Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է:
Ինձ հայելի պետք չէ:
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ՝
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն…
Պարույր Սեւակ | Просмотров: 381 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Արշալույսից առաջ քունն ավելի խորն է:

Նահանջած են լինում մղձավանջներն արդեն:
Օդը երազներ է տեղափոխում,
Դեռ ձև ու կերպ չառած նոր երազներ պես-պես՝
Ծնված տըրամվայի զրընգոցից մրսկան,
Ողջույնի տեղ հնչող երեխայի լացից,
Թարմ բուրմունքից հացի,
Որ լուռ թևավորվում
Եվ փակ մեքենայում էլ չի՜ տեղավորվում:

Հիմա հավատում են երազներին
Շատ քչերը կյանքում:
Ես նրանց մեջ չկամ:
Եվ քանի որ չկամ՝
Ինձ խղճում եմ
(Նախանձելի բան չէ խելքի գալը)…

…Արշալույսից առաջ քունն ավելի խորն է,
Բայց մոտիկ է նաև արթնացումը:
-Կբացվի նոր մի օր՝
Ինչպես աչքակապը
(Մանուկ հասակում են պահմտոցի խաղում):
Կբացվի նոր մի օր՝
Ինչպես վիրակապը
(Երեկվա խոր վերքն է սպիացել արդեն):
Ու եթե խոր վերքն է սպիացել արդեն,
Արժի՞ արդյոք հիմա,
Արժի՞ ասել արդյոք,
Որ վերքերը, ճիշտ է, լավանում են,
Բայց դրանցից միշտ էլ կրճատվում է մաշկը…
Պարույր Սեւակ | Просмотров: 390 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Քամին է երգում ինչ-որ եղանակ,
Որ Բեթհովենին պատիվ կբերեր:

Մութ հորիզոնին աղոտ այգալույս
Մի ռեմբրանդյան նորահայտ նկար:

Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում՝
Իր ողբերգական դըրամաներով…

Իսկ մե՜նք՝ ե՛ս ու դո՛ւ… արվեստ ենք խաղում
Եվ… մի այնպիսի՜ համոզվածությամբ,

Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ…
Պարույր Սեւակ | Просмотров: 379 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Ի՜նչ ես տանջում. կամ թո՛ւյլ եղիր,
կամ արի՛-
Կամ հեռացի՛ր, ընդմիշտ գնա՜,
կամ արի՛:
Թե չէ՝ այդպես դու նման ես
չփլված,
Բայց ուր որ է գլխիս թափվող
կամարի։
Պարույր Սեւակ | Просмотров: 337 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է,
Գիշերվա մութ շունչն է խստանում:
Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես
Եվ վայելք ու սեր ես խոստանում:

Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես
(Ուզում ես, որ նստենք մթան մեջ),
Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես,
Տիրաբար շրջում ես իմ տան մեջ:

Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը
(Չմրսես գիշերվա պաղ հովում):
Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը
Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում…

Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն,
Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե,
Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ,
Եվ ես էլ… չեմ մեռնում առանց քեզ:[size=12]
Պարույր Սեւակ | Просмотров: 377 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն…
Պարույր Սեւակ | Просмотров: 288 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…
Պարույր Սեւակ | Просмотров: 329 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

1-10 11-20 21-30 31-40 41-50 51-57
%