Сайт управляется системой uCoz

           

Главная » 2014 » հուլիս » 3 » Վիճել` չայրելով ետդարձի կամուրջները (կարդալ ավելին...)
23:31
Վիճել` չայրելով ետդարձի կամուրջները (կարդալ ավելին...)

  1.  Քեզ համար պարզիր վեճի նպատակը և հետևիր դրան: Ինչի՞ ես ուզում հասնել` ուշադրությա՞ն, փողի՞, սեքսի՞: Խանդի հարցում վերջակե՞տ դնել, թե՞ դադարեցնել հարաբերությունները: Ցանիր այն, ինչ ցանկանում ես հնձել:

  2.  Սթափ դատիր: Մտքերդ արտահայտելիս նախօրոք մի լավ մտածիր և աշխատիր չշեղվել: Զուգընկերոջդ էլ առաջարկիր նույնն անել: Այդպիսով բառերը կհամոզեն` դիմելով բանականությանը, այլ ոչ թե` էմոցիաներին:

  3. Գոտկատեղից ներքև հարվածիր միայն այն դեպքում, եթե քանդելու ցանկությունն ավելի մեծ է, քան կառուցելունը: Զուգընկերոջ ցավոտ տեղերից կարող են լինել նրա մայրը, ընկերները, աշխատանքը, այն ամենն, ինչ սուրբ է նրա համար և նյարդայնացնող` քեզ համար: Դե իսկ եթե որոշել ես հարվածել, ապա դա արա առավելագույնս քաղաքակիրթ:

  4. Եթե ցանկանում ես վեճը շուտ հարթել, խուսափիր խնդրահարույց բառերից, ինչպիսիք են`«պետք է», «պարտավոր ես»: Դրանցում բացահայտ ստիպողականություն կա. սպառնալիքները, հարցաքննությունը, քննադատությունը, պարտադրանքը, այլոց հետ համեմատությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, և վեճը կվերածվի անժամկետ կռվի: Իսկ դու հաստատ դա չէիր ուզում:

  5. Սովորիր դիվանագիտորեն արտահայտվել. ոչ թե «քո մայրիկը քիթը մտցնում է մեր կյանքի մեջ», այլ «արտաքին միջամտությունները վերջերս կարծես զգալիորեն խանգարում են մեր փոխըմբռնմանը»:

  6. Լույսը կբացվի, բարին հետը: Ավելի ճիշտ է վիճաբանել, երբ հանգիստ ես և քունդ առած: Եթե չես հավատում` հենց հիմա «մարշ» անկողին` ստուգելու:

  7. Ճիշտ արձագանքիր բղավոցին: Նույն կերպ երբեք մի պատասխանիր: Եթե նա քեզ վրա գոռում է, նշանակում է, որ այդպես են հարաբերություններ պարզել նրա ծնողները: Իսկ եթե դու ուզում ես ավելի բարձր գոռալ, ուրեմն... արդեն կարող ես ինքդ էլ գուշակել:

  8. Ավելի լավ է փշրել իրը, քան զգացմունքները: Ամանեղե՞ն ես կոտրում: Կոտրիր: Ավելի լավ է ջարդուփշուր անես ափսեները, քան կորցնես ինքնատիրապետումդ և ասես բաներ, որոնք չէիր պատրաստվում: 

  9. Հաշտության առաջին քայլն անում է ոչ թե հիմարը, այլ ուժեղը: Սակայն պետք չէ սա ընդունել որպես կոչ և միշտ անել առաջին քայլը: Դու պետք է որոշես, թե երբ ես պատրաստ իջեցնել դրոշդ:

  10. Հրամայում է նա, ով պակաս վստահ է իր ուժերին: Եթե զուգընկերդ քեզ որևէ բան պարտադրելու փորձեր է անում, կարելի է հանգիստ պատասխանել. «Գիտեմ, որ դու ունես ուժ և հեղինակություն», այնուհետև շարունակել ասելիքդ «Սակայն դա քեզ իրավունք չի տալիս», «Միևնույն է, դա քեզ իրավունք չի տալիս» թեմայով:

  11. Արցունքները վատ մեթոդ չեն, սակայն «բազմակի օգտագործման» համար չեն. իմիջիայլոց, մի զլացիր ուսումնասիրել զուգընկերոջդ կենսագրությունը. գուցե նա իմունիտետ ունի արցունքների նկատմամբ:

  12. Անսպասելի և ծանր լռությունն ամենատհաճ և ամենաանարդարացի քայլերից է: Եթե դա է քո մեթոդը, իմացիր, որ դա չի նպաստի պրոբլեմի լուծմանը, այլ միայն անիմաստ կնյարդայնացնի զուգընկերոջդ: Եթե լռում է նա, ոչ թե դու, զբաղվիր քո գործերով և մի մտածիր այդ մասին: Զուգընկերդ, հասկանալով, որ ոչինչ դուրս չի գա, առաջինը կխոսի քեզ հետ:

  13. Պահիր հավասարակշռությունը. որքան ձեզանից մեկը մոտ է հիստերիային, նույնքան հանգիստ պետք է լինի մյուսը:

  14. Տարբերիր վեճի շարժառիթն իրական պատճառից. օրինակ`գարեջրատուն նրա այցը` քեզ հետ թատրոն գնալու փոխարեն (շարժառիթ) և քնքշանքի ու ուշադրության բացակայությունը (քո դժգոհության իրական պատճառը):

  15. Ընթացքում մի մոռացիր վեճի իսկական պատճառի մասին, մի փոխիր թեման, թեև երբեմն դա անելու շատ մեծ ցանկություն է առաջանում: Առհասարակ օգտակար է վեճի ամենաթեժ պահին հիշել, թե ինչպես այն սկսեց և «հաճելիորեն» զարմանալ. սկսեցիք սկավառակներից, որոնք սեղանին թափված էին և խանգարում էին ափսե դնելուն և ավարտեցիք քո ծննդյան չստացված տարեդարձով: Խստորեն հետևիր կանոնին` մեկ վեճ, մեկ քննարկման թեմա:

  16. Աշխատիր խուսափել ուլտիմատումներից և միևնույն ժամանակ թույլ մի տուր, որ քո առջև ևս ուլտիմատումներ դնեն:

  17. Ավելի խելացի կգտնվես, եթե լռես: Զուգընկերոջ ստորացումը և նրա կենսագրության` քեզ հայտնի փաստերի խեղաթյուրումը արգելված թեմաներ են: 

  18. Նշիր մյուս արգելված թեմաների շրջանակը, քանի դեռ ամեն ինչ շատ չի խորացել: Ասա նրան, որ չարժե մեկը մյուսի ցավոտ տեղերին դիպչել. դա միայն ցավ է պատճառում, ուրիշ ոչինչ:

  19. Զգուշացրու սպասվող քննադատության մասին: Հայտնի հոգեբանական մեթոդ է. «Սիրելիս, կարելի է ասեմ` ինչն ինձ դուր չի գալիս»: Այս հարցը կարող է հարթել սուր անկյունները և մեղմել կրքերը: Քննադատելիս ասացեք ոչ թե «դու վատ ես անում», այլ «շատ կուզեի, որ այսինչ բանն այսպես անեիր»: Եղիր առավելագույնս կոնկրետ:

  20. Երբեք մի վիճիր վկաների ներկայությամբ: Եթե քեզ բացահայտ ստորացնում կամ վիրավորում են ուրիշների ներկայությամբ /կամ նույնիսկ եթե մենակ եք/, կտրուկ և անմիջապես դադարեցրու երկխոսությունը:

  21. Երբեք նրա երեսին մի շպրտիր այն գաղտնիքը, որ ինքն է քեզ վստահել։ Զուգընկերոջից անկեղծության կամ մերձեցման պահին ստացած տեղեկությունը վեճի ընթացքում օգտագործելն անդաստիարակություն է:

  22. Մի ընդհատիր, որքան հնարավոր է զսպիր քեզ: Նրան լսելը կարող է օգտակար լինել:

  23. Պարզիր, թե արդյոք վեճը կապ չունի՞ քո սեռական անբավարարվածության հետ: Եթե այդպես է, փորձիր նախևառաջ նրբորեն ստանալ քո ցանկացածը:

  24. Իսկ եթե վեճն ամեն անգամ ավարտվում է կրքոտ սեքսով, անհրաժեշտ է զբաղվել ինքնաուսումնասիրությամբ, ցանկալի է` մասնագետի օգնությամբ:

  25. Վեճն ընդհատելն ու տնից անհետանալը վնասակար է հոգեկան առողջության համար, քանի որ անավարտ գործը միշտ ավելորդ ռեսուրս է խլում:

  26. Եթե քեզ ուղղված մեղադրանքները հիմնավոր են, ընդունիր սխալդ, դա աշխատող տարբերակ է:

  27. Փորձիր ընդունել նաև զուգընկերոջդ ջանքերը, դա տասն անգամ ավելի արդյունավետ է:

  28. Բացառիր «դու միշտ» և «դու երբեք» արտահայտությունները: Հիշիր, որ ընդհանրացումը կոնկրետության թշնամին է:

  29. Որևէ թեմայի վերաբերյալ պահանջներ ներկայացնելը նման է ատրճանակի, որից կարելի է կրակել: Չէ՞ որ վեճը նրա համար է, որպեսզի ժամանակ առ ժամանակ դուրս հանենք կուտակված բացասականը:

  30. Կռվից հետո բռունցք թափ չեն տալիս: Իմաստ չունի քննարկել, թե նա ինչու էր երեկույթի ընթացքում սիրահետում ուրիշին այդ երեկույթից մեկ շաբաթ անց: Առավել ևս` ծանրութեթև արա, թե արդյոք իմաստ ունի՞ դա ի կատար ածել տնօրենի հետ կայանալիք կարևոր հանդիպումից մեկ ժամ առաջ:

  31. Հատկապես պայթյունավտանգ են «ամեն ինչ քո պատճառով է», «դու ես մեղավոր», «դու խոստացել էիր», «պարտավոր ես, քանի որ», «ասում էի, չէ», «եթե դու ինձ սիրեիր», «մայրս ճիշտ էր ասում» արտահայտությունները...

  32. Առհասարակ հարկավոր է հանգիստ թողնել մայրերին: Տասնութամյակը նշելուց հետո ժամանակն է կտրել պորտալարը, ընդ որում` թե' քո, թե' նրա:

  33. Կարծիք կա, որ տղամարդը վեճում ցանկանում է «ավելի ճիշտ» լինել կամ գոնե լսված, իսկ կինը ցանկանում է պահպանել հարաբերությունները: Դա նույնպիսի կարծրատիպ է, որքան այն, որ կանայք ավելի հաճախ են ափսե կոտրում: Ուղղակի տղամարդկանց ձեռքի տակ այդքան ափսե չի ընկնում:

  34. Եթե քեզ նրա մեջ ինչ-որ բան նյարդայնացնում է, նույնը փորձիր քո մեջ փնտրել: Եվ եթե ինքնախաբեության հակում չունես, ապա այս կամ այն չափով նույնը կհայտնաբերես նաև քո մեջ:

  35. Վեճից երկու օր անց դեռ խռոված մնալը դաստիարակության պակաս է և վամպիրիզմի տարատեսակ: Միևնույն է` զուգընկերոջիցդ անվերջ մեղքի զգացում քամել չի ստացվի:                                                                                                                                                                                       Աղբյուրը`  www.cosmo.am

Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 815 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%